2006 թվին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում նկարահանվեց ռեժիսոր Գագիկ Հարությունյանի «Խնկարկում» կինոնկարը, ու ես, որպես այդ ֆիլմի հետ սերտ կապ ունեցող մարդ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանին առաջարկեցի առաջին հանդիսատեսի իրավունքը վերապահել գյուղի բնակիչներին, ովքեր, ի դեպ, լայն մասնակցություն էին ունեցել նկարահանման աշխատանքներին: Որքան մեծ եղավ իմ զարմանքը, երբ հանդիսատեսներից մեկը՝ 14-15 տարեկան մի պատանյակ, ֆիլմի ցուցադրությանն այսպես արձագանքեց. «Վա՜յ, պատի վրա մարդ է քայլում»:
Որպես հետևանք, սա, իհարկե, չափից դուրս տխուր իրողության, եթե չասեմ հանցավոր գործունեության, վկայություն է, որ պետական մակարդակով մեզանում կատարվեց կինոթատրոնները սեփականաշնորհելով ու դրանք ամեն ինչին, բացի իրենց բուն նշանակությունից, ծառայեցնելով: Ինչևէ: Այսպես ծնվեց հայկական կինոնկարների մարզային ցուցադրումներ կազմակերպելու գաղափարը, մինչև որ, տարիներ անց, իսկ ավելի ստույգ՝ 2010-ին, այն դարձավ «Կինոաշուն. ազգային կինոյի ամիս» ծրագիր՝ անհամեմատ ավելի լայն ընդգրկունությամբ՝ ներառելով Երևան քաղաքը, կրթական հաստատություններն ու զբոսայգիները՝ բացօթյա ցուցադրումների թեև ոչ նոր, բայց գեղեցիկ հղացումով, կլոր սեղանների, անվանի կինոգործիչների հոբելյանների կազմակերպումով և այլն, և այլն: Սակայն այս տարվա «Կինոաշնան» մասին կուզենայի խոսել առավելապես մարզային ցուցադրումների շեշտադրումներով, թեև Երևանը հաճելիորեն զարմացրեց իր բուռն մասնակցությամբ, ավելի շատ ֆիլմեր դիտելու պահանջով, ինչը բնականաբար չի կարող չուրախացնել:
«ԵՍ ԷԼ ԿԳՆԱՄ ԵՐԿԻՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ»
Մարզային ցուցադրումները մենք կազմակերպեցինք աշխատանքային երկու խմբով, գերհագեցած ռեժիմով: Բավական է ասել, որ միացյալ ուժերով մեկ ամսում անցանք ավելի քան 4200 կիլոմետր ճանապարհ՝ անխտիր լինելով բոլոր մարզերում, մարզկենտրոններում, հայաստանյան հեռավոր ու սահմանապահ շատ ու շատ բնակավայրերում: Դրանց մի մասը նախկինում էլ կար մեր աշխատանքային քարտեզում, բայց շատերում առաջին անգամ էինք կազմակերպում ցուցադրումներ, ու ուրախալին այն է, որ տեղերում մեզնից կորզվում էր իրենց մոտ նորից ու նորից լինելու խոստում: Սա ուրախալի է ոչ միայն այն առումով, որ հայ կինոյի նկատմամբ սերը չի նվազել բնակչության մեջ, եթե չխոսեմ ավելիի` կարոտախտի մասին, այլև նրանով, որ հատկապես նոր սերնդի մեջ այս կերպ ձևավորվում է մեկ ընդհանրական տարածքում միասնաբար կինո դիտելու կուլտուրա, որը գոնե այս սերնդից համախմբված ուժերով անխնա կորզեցին հեռուստատեսությունն ու համացանցը: Սա նաև վարքի որոշակի կանոնների ձևավորում է նշանակում, ինչը հանրային կարևորության խնդիր է, ու ինչը մեզանում էական հետընթաց է գրանցել:
Սակայն թույլ տվեք կինոդիտման կուլտուրայից խոսելուց անցնել կինոյի թողած ազդեցությանն ու խոսքս մասնավորեցնել կոնկրետ դեպքի հիշատակումով: Դավիթ Բեկ գյուղում, «Յարխուշտա» ֆիլմի ցուցադրումից հետո, դպրոցի տնօրենը մոտեցավ, թե աշակերտներից մեկն ուզում է խոսել: Բնականաբար, սիրով ձայն տվեցի: Որպեսզի, Աստված մի արասցե, դույզն-ինչ վիրավորած չլինեմ այդ բալիկին, այսպես ասեմ, չափից ավելի խեղճուկրակ հագուկապով էր: «Եթե պատերազմ լինի,- ասաց պատանյակը,- ես էլ իմ հոր պես կգնամ երկիրը պաշտպանելու»:
Որ կինոն «աշխատել» էր, հասել էր իր նշանակետին, ես, ոչ միայն որպես կինոյի հետ կապ ունեցող մարդ, այլև որպես քաղաքացի, խորապես հպարտ էի, սակայն տվյալ պահին ինձ առավելապես հուզել էր երեխայի խոսելու պոռթկում-ցանկությունը: Զոհված ազատամարտիկի զավակ էր ու ընտանիքի սոցիալական ծանր վիճակի պատճառով նաև ծաղրի թիրախ դարձած անդրադարձումով: Ավելի փակագծեր թույլ տվեք չբացել, բայց որ այդ պահին տղան անսահման հպարտ էր երկիր պահած իր հոր համար, ու այդ հպարտությունը նաև մարտահրավեր էր թող որ անգիտակցաբար իրեն թիրախ դարձրածներին, թույլ տվեք ասել՝ ամենախոշոր դասն էր, ու այդ դասի մեջ իր պատկառելի տեղն ուներ հայ կինոն:
ԱՄԵՆԱՄԵԾ ՎՃԱՐԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԱՉՔԵՐԻ ԿՐԱԿՆ Է
Հիմա հեռավոր, Աստծո կողմից մոռացված բնակավայրեր գնալով մենք հայտնվում ենք թե կենցաղային ծանր պայմաններում, տեսանելիությունը զրոյի հասցրած մառախուղի, ձնաբուքի, թե դարանակալ թշնամու գնդակի սուլոցի տակ, հավատացեք, չափից դուրս մանր խնդիր է այն բանի համեմատ, որ ստանում ենք հոգեկան բավարարության տեսքով, ու ինչ-որ տեղ ծիծաղով է հիշվում արդեն, որ, օրինակ, սահմանապահ Կոթիում կինոցուցադրումից հետո սուրում ենք Կողբ` նույնն անելու, ու Երևանից հնչում է տնօրենի հեռախոսազանգը, թե` կրակում են, խնդրում եմ ռիսկի չդիմեք, ու հնչում է պատասխանս՝ Կոթիում արդեն ցուցադրել ենք, Կողբում հենց նոր ավարտեցինք, հիմա էլ քո ասած կրակոցների տակ Բերդավանի կողմերում նստած մի կտոր հաց ենք ուտում:
Իհարկե, մարդկայնորեն ես զգացված եմ տնօրենի անհանգստության համար, բայց, կներեք, ոչ իմ արյունն է սահմանապահ գյուղերում ապրողների արյունից ավելի կարմիր, ոչ էլ իմ կյանքն է նրանց կյանքից ավելի թանկ: Քավ լիցի, իմ աշխատանքային խմբի հետ ես ոչ հերոսանալու խնդիր ունեմ, ոչ էլ, անկեղծ եմ ասում, ցանկություն: Այդպես, ամեն ինչ արհամարհելով, անցած տարի Այգեպարի ինտենսիվ գնդակոծության փուլում եղանք այնտեղ, ու միակ զիջումն այն եղավ, որ, ընդառաջելով Բերդի ավագ դպրոցի տնօրեն Արթուր Մելիքյանին, գյուղ գնացինք նրա ծառայողական ավտոմեքենայով. «Երկու օր առաջ են մաղ սարքել գյուղապետի մեքենան: Քոնը համ նոր է, համ էլ` սեփական: Որ խփեն, ծախսը վրադ է մնալու, եթե, իհարկե, ողջ մնանք: Իմը գոնե պետական է, կրակոցներին էլ` սովոր»:
Մեր ամենամեծ վճարը հանդիսատեսի աչքերի կրակն է, նրան կինոերևույթ կոչվածին հաղորդակից դարձնելը: Իսկ վերը բերված հիշատակումների մեջ ես մանրամասն եղա մի պարզ պատճառով՝ ընթերցողին հասցնել, որ մենք ունենք խնդրահարույց բնակավայրեր ոչ միայն պատերազմական վիճակով պարտադրված ու պայմանավորված, այլև դրանք այդպիսին են տարրական շատ բաներում, ու դրանցից մեկը նրանց ընդհանուր հոգևոր-մշակութային դաշտում պահելն է կենդանի կապի ամրապնդումով, ու այդ մարդկանց մոտ պիտի գնալ միայն ու միայն ծառայի կարգավիճակով, խոնարհումով, որովհետև կրակոցների տակ մեր բանակի տղաների հետ նրանք են պահում մեր սահմանների աներերությունը, նրանք են պահում-պահպանում Երևանի ու երևանների անդորրն ու այդ անդորրը մեզ՝ այստեղաբնակներիս, ոչ թե պիտի պահի թմբիրի, այլ նրանց համար ինչ-որ բան անելու, մենակ չթողնելու անհանգստության մեջ: Հիմա երկրի նախագահն իմ կողմից ընդունված անձ է, թե ոչ, մշակույթի նախարարը կամ մեկ ուրիշ՝ նույնը, շատ ավելի կարևորն այն նախանձախնդրությունն է, որ երկրի բարձրագույն ղեկավարության, մշակույթի նախարարության մակարդակով այս «Կինոաշնան» առջև խնդիր դրվեց տարածական ու բովանդակային առումով հնարավորինս ծավալային լինել` շեշտը դնելով սահմանամերձ բնակավայրերի ու զորամասերի վրա, ու դա, կարծում եմ, կինոկենտրոնին հաջողվեց: Մենք ունեցանք շուրջ 180 մարզային կինոդիտում, բազմաթիվ հանդիպում-քննարկումներ, անդրադարձեր հայ կինոյի երեկվան, այսօրին, վաղվան, տեղերից ստացանք քննարկման արժանի հետաքրքիր առաջարկություններ, այդ թվում՝ աշակերտությանը կինոստեղծման գործին հաղորդակից դարձնելու առաջարկությամբ: Վերջինս, մասնավորապես, Երանոս գյուղի թիվ 2 դպրոցի տնօրեն Գառնիկ Ղազարյանինն էր, ով գործուղված մասնագետի հարցերը հոգալու պատրաստակամություն է ստանձնում: Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը, որ վաղուց մեր ակտիվ գործընկերն է դարձել, առաջարկում էր քաղաքի համար կինոդիտումները դարձնել եռօրյա, յոթնօրյա, դրանք ուղեկցել տեղի մտավորականության հետ կլոր սեղանների կազմակերպումով: Ի դեպ, հինգերորդ տարին է, որ մենք «Կինոաշնան» շրջանակներում լինում ենք այստեղ, ու չի եղել մի տարի, որ այս մարդը ներկա չլինի կինոդիտումներին, ելույթ չունենա իր խիստ նուրբ դիտարկումներով, որոնց կնախանձեր խորահմուտ կինոգետն անգամ: Այնպես որ, շատ ուսանելի բաներ կան մարզային այցելություններում, ու դրանք, աշխատանքներն ավելի նպատակային դարձնելու համար, անպայմանորեն ներառվում են մեր ծրագրերի մեջ:
ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՄԱՐԴՆ ԻՐ ՏԵՂՈՒՄ Է
Մի երկու խոսք կազմակերպական խնդիրների մասին: Այն, որ մարզային կառույցների հետ նախապատրաստական աշխատանքները (բնակավայրերի, ֆիլմերի ընտրություն) մենք սկսում ենք առնվազն ամիս-ամիսուկես առաջ, այսպես ասենք, նաև լայն օրից չէ, որ արվում է: Ցավոք, այսքանից հետո էլ լինում են տեղեր, երբ հաջողվում է մեզ անակնկալի բերել, չգիտես էլ ինչպես որակել, իրենց չտեղեկացվածությամբ, թե արատավոր անփութությամբ: Օրինակ, ինչպես չասել, որ Լճաշենի գյուղապետարանում (Գեղարքունիքի մարզ) հարկ էլ չէին համարել մշակույթի տան տնօրենությանը տեղեկացնել ցուցադրման մասին, ու խնդիրը կարգավորվեց հսկայական ջանքերի շնորհիվ: Վերջին երկու տարում տհաճ անակնկալ է մատուցվում Արթիկի քաղաքապետարան-մշակույթի պալատ օղակում, ու սա այն դեպքում, երբ նախկինում այստեղ խնդիրներ չենք ունեցել: Անցած տարի նման մի դեպք էլ ունեցանք Ալավերդու հետ կապված: Սրանց կողքին չի կարելի չնշել Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզպետարանների համակարգված աշխատանքը (առաջին երկուսինը, ի դեմս վարչության պետեր Արփիար Ղազարյանի ու Կարեն Նազարյանի), ընթացքի վերահսկողությունը, մշտական հեռախոսային կապն ինչպես ցուցադրումից առաջ, այնպես էլ դրանից հետո, կարծիքների փոխանակումը, աշխատանքներն ավելի նպատակային դարձնելու քննարկումները: Մի խոսքով, այնտեղ, որտեղ մարդն իր տեղում է, այնտեղ գործն արվում է պատշաճ մակարդակով:
Քաղաքացիական կառույցների կողքին ուզում եմ հատկապես շեշտադրած լինել մեր զորամասերի ավելի քան համակարգված աշխատանքը: Բանակը, ինչպես միշտ, հոգատար է ու հոգածու իր նկատմամբ դրսևորվող ուշադրության նկատմամբ, մենք էլ՝ ավելի պարտավորված, որ կարողանում ենք մեր համեստ լուման ունենալ մեր զինվորների գեղագիտական, հայրենասիրական ոգով դաստիարակման գործում:
Ավարտենք: Այս տարվա «Կինոաշունը» նվիրված էր հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Հանդիսատեսին մենք ներկայացանք ինչպես խաղարկային, այնպես էլ վավերագրական կինոնկարներով: Դրանց թողած տպավորությունը շատ մեծ էր, այդ մասին առավել քան առարկայնորեն էր նշվում՝ ընդգծումով, որ դրանք կենդանի դասաժամեր էին ոչ միայն աշակերտության, այլև ուսուցիչների համար, որովհետև մի բան է միայն խոսքը, մի այլ բան, երբ այն ուղեկցվում է պատկերաշարով: Սա էլ է խոսում կինոյի մեծ առավելության մասին, բայց կարծես մենք նորից ենք վերադառնում սկզբին: ՈՒստի թույլ տվեք այսքանով էլ եզրափակել:
Մարտին
ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ